Մեր ընկեր միլիցա Խիկարը մի քանի տարի առաջ թոշակի գնաց:
Ոստիկանության փոխգնդապետի ուսադիրները խնամքով ծալեց դրեց ճամպրուկն ու ընտանիքով քոչեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Շատ գրագետ, կարդացած, բացառիկ լուրջ, համարյա ազնվության հասնող չափավոր, քչախոս, խիստ գրական հայերենով խոսող նախկին ոստիկանը, նախքան երկրից գնալը, ազատ ժամանակ շատ ուներ և այդ ազատությունը լցնում էր հետաքրքիր մի զբաղմունքով:
Առավոտյան զբոսանքի ժամերին քայլում էր քաղաքի փողոցներով և հատուկ իր ձեռքով սարքած կեռ ու սուր ծայրով երկար մետաղաձողով կտցում-հավաքում էր փողոցում թափված ծխախոտի մնացորդներն ու գրական հայերենով քաղաքավարի հայհոյում քաղաքն ապականողներին:
Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց մի տարի անց նամակ ստացանք մեր ընկեր միլիցա Խիկարից, որտեղ մասնավորապես ասված էր.
«Եղբա´յր, սա երկիր չի, որ ես եկել եմ: Օրերով ման եմ գալիս, գոնե մեկ հատ ծխախոտի կոթուկ չեմ գտնում»:
Մեր ընկերոջ ազնիվ վրդովմունքը հասկանալի էր իհարկե, բայց հիմա ինձ տանջում է մեկ անպատասխան հարց:
Արդյո ՞ք պարոն փոխգնդապետը համազգեստի հետ տարել էր իր մետաղյա կեռ ձողը: